24 / Մայիս / 2021 : 13-51

Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն. Ս. Բաբայան

Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

Ըստ Բաբայանի՝ բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, որոնք ղեկավարել են երկիրը վերջին 20 տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։ «Բայց կա մեղավորություն եւ կա հանցագործություն: Ես առաջարկում եմ ստուգել, հանցագործությունները ճշտել եւ այդ մարդկանց պատժել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ բանակի հասցեին իր քննադատությունը շատերը ծանր էին ընդունել, հակադարձում էին, որ բանակը միակ կայացած կառույցն է, Սամվել Բաբայանն ասաց. «Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղքը վերցնել, որ ինքն է մեղավոր, դրա համար էլ միշտ հայտարարելու են, որ բանակը միակ կայացած կառույցն էր: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Ես օրինակ եմ բերել, որ 1992թ.-ին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ, էդ ուղղությամբ հանձնեցինք, մինչեւ էսօր չգիտենք, հիմա էլ է նույնը: Այն ժամանակ էլ մեկը մյուսին պաս էր տալիս, թե ով է մեղավոր։ Հիմա որ չասենք ՝ սա է մեղավոր կամ, նա, պետք է քննել ու հասկանալ, թե ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին, որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:




Բաբայանի խոսքով, մեր ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էր թույլ չտալ, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք. «Բայց եթե արդեն թույլ է տվել, մենք մեր բանակի քանակն էլ գիտենք եւ մեր սահմանի ողջ երկարությունը գիտենք: Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնելու:
Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք...

Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն: Հարց տվեք կառավարությանը, հարցրեք՝ պատերազմի հետո ինչքան փող եք ծախսել, մեկ մլրդ ծախսե՞լ եք: Բա ինչի՞ չէիք մեկ միլիարդի զենք առնում: Դեռ քանի միլիարդ են ծախսելու: Ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։

Տեսանյութ
Դիտվել է 47123անգամ
Վերջին լուրեր