Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2021 : 10-07

Մայիսի 28․ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության օրը

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության օրը:
Տոնական միջոցառումներ նախատեսված չեն, սակայն Սարդարապատի հուշահամալիրի մոտ հաղթանակը կերտած հերոսների հիշատակին հարգանքի տուրք կմատուցի երկրի ղեկավարությունը։

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

103 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:


Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:
Դիտվել է 10636անգամ
Վերջին լուրեր