28 / Մայիս / 2021 : 18-50

Ոնց որ ճակատիս գրած է. ընդհանրապես իմ նման մարդկանց հիշում են, երբ վիճակը վատանում է. Քոչարյան

Ոնց որ ճակատիս գրած է. ընդհանրապես իմ նման մարդկանց հիշում են, երբ վիճակը վատանում է: Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Ղարաբաղում ես պետական պաշտպանության կոմիտեն գլխավորեցի, երբ Ղարաբաղի կեսը գրավված էր հակառակորդի կողմից, իսկ 1994-ի մայիսից բուն Ղարաբաղի տարածիքց երեք անգամ ավել տարածք մեր վերահսկողության տակ էր:

1997-ին եկա Հայաստանի վարչապետ, ծանր տնտեսական վիճակ էր, եկամուտ չէր հավաքվում, մարդկանց ամիսներով թոշակ չէին տալիս, թոշակն էլ 2,5 հազար դրամ էր, ուսուցչի աշխատավարձը 5 հազար դրամ էր:

Հետո միանգամից թռցրեցինք 80 հազար դրամ: Անգամներով, մենք երբեք 3-5 տոկոսով չենք բարձրացրել: 5 տոկոսն սկի ինֆլյացիան չի փակում: 5 տոկոս աշխատավարձի բարձրացման մասին ամոթ է խոսել որպես բարձրացում: Դու պետք է ասես՝ դա ինդեքսացիա է: Իմիջիայլոց տարեկան ինդեքսացիան օրենքով պետք է պարտադրել»,-ասաց նա:

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի համար հնարավոր է ապահովել տնտեսական նոր վերելք. «Վստահ եմ, որովհետեւ արհեստածին խնդիրներն այնքան շատ են, որ միայն դրանք կարգի բերելով, ձեւ չկա, որ արդյունք չունենաս: Եթե մի քիչ ձգում ես, հունի մեջ ես դնում, ճիշտ վարչարարություն ես կիրառում, ձեւ չկա, որ էական առաջխաղացում չունենաս: հենց առաջին տարին եք տեսնելու տարբերությունը»:
Դիտվել է 29778անգամ
Վերջին լուրեր