07 / Հունիս / 2021 : 16-35

Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը. (Տեսանյութ)

Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից` Երեւան քաղաքում։
1953–1960 թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երեւանի No 43 յոթնամյա դպրոցում։ 1960–1963 թթ. սովորել է Երեւանի No 17 միջնակարգ դպրոցում։ 1963–1968 թթ.` Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնի ուսանող։ 1969–1972 թթ.` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ` աշխարհահռչակ արեւելագետ-պատմաբաններ Ն. Վ. Պիգուլեւսկայայի եւ Ա. Գ. Լունդինի ղեկավարությամբ։
1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշարձան» թեկնածուական թեզը
1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։
1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտնական-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մատենադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատասխանատու քարտուղար։ 1985-ից` նույն հաստատության ավագ գիտաշխատող
1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մատենագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ՝ Պարգեւ, Եզրաս, Միքայել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբազանները եւ այլք։
1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը.
Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռնի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.)Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։ Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների։ Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ 1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Դիտվել է 13467անգամ
Վերջին լուրեր