10 / Հունիս / 2021 : 15-42

Այս պատերազմից հետո ոչ միայն պարտվել ենք, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. Լևոն Տեր-Պետրոսյան

Հարևան բոլոր պետությունները, անգամ բարեկամ պետությունները պետք է հստակ սահմանագծեն տարածքները, այստեղ խնդիր չկա, գուցե, ուշացել ենք, մենք շուտ պիտի անեինք այդ բանը, սա պարտադիր պայման է:Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե արդյոք այդ սահմանազատումները չեն անդրադառնա Արցախի հարցի վրա և առաջ չի գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այս հարցը վաղուց կա:

«Երեսուն տարի է՝ այս հարցը կա, Ադրբեջանը պնդելու է տարածքային ամբողջականության հարցը, միշտ: Իսկ, թե ինչ ազդեցություն կունենա սա Արցախի ճակատագրի վրա, ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ Հայաստանի ներկայացուցիչների տեսակետները, դա միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք այլևս խաղացող չենք»,- ասաց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե ռուս խաղաղապահ զորքերը մեկ րոպեով դուրս գան Արցախից, ապա որևէ արցախցի չի մնա տարածքում, այնպես որ, ռուսական կողմը պետք է մնա այնքան, մինչև ապահով լինի Արցախը: Նա շեշտեց, որ այնպես պետք է արվի, որ Արցախի բնակչությունը տարածքը չլքի, և Հայաստանը պետք է նպաստի դրան:
Դիտվել է 20980անգամ
Վերջին լուրեր