10 / Հունիս / 2021 : 18-43

Լևոնիզմի «բենեֆիսը», կամ ծերուկի իրական ֆիասկոն

Արմեն Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կապիտուլյացիայից հետո հայ հասարակությունը կատարվածին միայն զգայական գնահատականներ է տալիս և դա հասկանալի է։ Չկան ու ըստ էության չէին կարող լինել հիմնարար վերլուծություններ, քանի որ 44 օր խաբվելը և շոկային արդյունքը, սոցցանցերում մանիպուլյացիոն տեղեկատվական տեռորը, մեկը մյուսին մեղադրելու ինքնամոռաց վազքը, ընտրությունները «սրտի տակ» գործելաոճը, կարծես թե խորքային վերլուծությունների անհրաժեշտության պահանջ չէին ձևավորում։ Սակայն, ստեղծված այս համընդհանուր գորշ պատկերում, առանձնանում է մի բիծ, որն արդեն վաղուց, միայն իրեն բնորոշ մեծամտությամբ, «սեփականաշնորհել է» լույս արձակելու մենաշնորհը, սակայն իրականում ողջ գորշության ակունքն է։ Ամեն ինչ բնական կհամարեինք, եթե չլիներ այսքան տխուր։

Եվ ասյպես, ԼՏՊ-ն, իր վերջին հրապարակումից հետո, կարծես ամբողջությամբ բացահայտեց իրեն։ Ճիշտն ասած, ծեր աղվեսի կողմից նման բացարձակ մերկացումն անսպասելի էր և՛ ընտրած ժամանակի, և՛ բովանդակության մեջ ողջ արսենալը ներդնելու, և՛ ընտրած բացարձակ ցինիկ ոճի տեսանկյուններից։ Սակայն, այստեղ, կարծում ենք, լուրջ պատճառներ պետք չէ փնտրել։ Գուցե սեփական ժամանակի սղության գիտակցումը, կամ ներքին բուռն հրճվանքը բովանդակության, ձևի ու ոճի ընտրության հարցը դարձնում են երկրորդական։

Իհարկե հետպատերազմյան շրջանում նիկոլին ուղղված «սուր» քննադատությունները կարող էին տպավորություն ստեղծել, որ առաջին նախագահն անկեղծորեն ցավում է տեղի ունեցածի համար, սակայն հետագա քայլերն իրերն արագ իրենց տեղը դրեցին։ Իրականում ԼՏՊ-ն նույնիսկ չջանաց այդ տպավորությունը հիմա ամրապնդել, որովհետև այդ քննադատություններն ուղղված էին ոչ թե ներկային, այլ՝ ապագային ։ Քննադատական հրապարակումները, հավանաբար, նպատակ ունեին պարտության մեջ չեզոքացնել Լևոն-Նիկոլ կապը, կապիտուլյանտի հետ հնարավոր ասոցացումը։ Իսկ վերջին հրապարակումն արդեն բացահայտ ուղղերձ էր սեփական հաղթանակը պատմության մեջ ամրագրելու համար։ Այո՛, պարտված Հայաստանն ապացուցեց ԼՏՊ-ի հաղթանակը։ Այո՛, նոյեմբերի 9-ի համար Ալիևի չափ, կամ գուցե ավելի, ներքին հրճվանք ապրեց ԼՏՊ-ն։ Դա արդեն չի էլ փորձում թաքցնել, որովհետև ստեղծված անարժեքային քաոսում, դրա կարիքը չկա, ժամանակակիցներիցս ինչ-որ բան թաքցնելու ջանք պետք չէ գործադրել, ժամանակակից մահկանացուներս նույնիսկ դրան արժանի չենք։ ԼՏՊ-ն հնարավորինս շատ ջանք էր դրել՝ այդ բերկրանքը կենդանի ապրելու համար՝ հերթական անգամ հայի արյան զոհաբերությամբ իր հոգին փառավորված զգալու համար։


Իսկ պատմության հարցը, ըստ ԼՏՊ-ի՝ լուծված է։ Նման վստահության պատճառը նա բացահայտել է իր վերջին հրապարակման վերջին պարբերությունում․ «․․․Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ»։

Պատմության հարցը կարծես լուծված է։ Բայց․․․։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

• Պարտված Հայաստանը՝ լևոնիզմի հաղթանակ կամ հաղթած Հայաստանը՝ լևոնիզմի պարտություն։ Պատմության մեջ հենց այս բանաձևը կմնա, որովհետև այլըտրանք պարզապես չկա։ Որովհետև, որքան էլ ԼՏՊ-ն փորձում է իր թեզերը կառուցելու համար հղում կատարել գերօգտակար ռացիոնալիզմին, դա ներկայացնել քաղաքագիտական ու պատմագիտական սառը հաշվարկների արդյունք, այնուամենայնիվ, արդեն լիարժեք ակնհայտ է, իսկ ապագայում ամբողջապես կբյուրեղանա այն ճմարտությունը, որ Երրորդ Հանրապետության վախճանի պատճառն ինքն է։ Պետականության կենաց ծառի ի սկզբանե փտեցման վարակն ինքն է դրել։ Հիմա բացահայտենք բուն լևոնիզմի էությունը։ Լևոնիզմը, որը փաթեթավորված է հանդուրժողականության, խաղաղասիրության, հարևանասիրության, առաջադիմության շղարշով, իրականում իր մեջ խտացնում է վախկոտություն, ի սկզբանե պարտվողականություն, թուլություն, անարժեքություն, անսկզբունքայնություն։ Չմոռանանք ծերուկի հայտնի, իրեն հատուկ ցինիկ և «հանճարեղ» սոփեստությունը՝ մեր ուժը, մեր թուլության մեջ է, որը գործնականում իրականացրեց Նիկոլը։ Իհարկե, որպես պատմաբան, ծերուկը գիտի պատմության ընթացքում ովքեր են գոյատևել, ովքեր են հզոր դարձել, ովքեր են զարգացել։ Գիտի, որ գոյության պայքարում կոմֆորմիզմը տեղ չունի։ Սակայն, սա արդեն տեսակի խնդիր է։ ԼՏՊ-ն, որպես առաջնորդ, շատ արագ տեղավորվեց այսպես կոչված արևմտյան ոճի ղեկավարների կերպարում, որոնք ծնունդ էին պատկերավոր արտահայտած՝ ֆեմինիզմի, երբ որպես նպատակ հռչակված էր տղամարդկության վերացումը, երբ սկզբունքայնությունն ու արժեքայնությունը բնութագրվում էին որպես կեղծ կատեգորիա։ Ճիշտ է, այս տեսակը վաղուց ապացուցել է իր իմպոտենտությունը և արդեն իսկ վերացող տեսակ է համարվում, բայց ԼՏՊ-ն, շարունակում է «փայլել» հայ իրականության վաղուց դեգրադացված երկնակամարում։ Ավելին, այն այսօր լիաթոք վայելում է իր թեզերի «ճշմարտացիության» ողջ բերկրանքը։ Սակայն, սա միայն ժամանակի խնդիր է, որովհետև կոմֆորմիզմը երբեք, իսկ ժամանակակից քաոսային աշխարհում առավել ևս, գոյատևման ու հարատևման հետ առնչություն չի ունեցել։ Իսկ կոմֆորմիզմի իր մյուս հանճարեղ թեզը, թերևս ծերուկը ձևակերպել էր մեկ այլ տխրահռչակ սոփեստությամբ՝ մինչև
Ղարաբաղի հարցը չլուծենք՝ լավ չես ապրելու Սերգո՛։ Արդեն պարզ է ինչ է ի նկատի ունեցել։ Այսպիսով, լևոնիզմը դա պարտության, անսկզբունքայնության ու վախկոտության խորհրդանիշն է և պատմության մեջ մնալու է այդպիսին, որքան էլ ծերուկը փորձի դա թաքցնել իրատես քաղաքական հոտառության, սառը հաշվարկների ու պրագմատիկ վերլուծությունների կեղծ շղարշի տակ։

• Լևոնիզմը նիկոլիզմի ծնող։ Մինչև համանմանությունների փաստարկումը, նշենք որ այստեղ խոսքը չի վերաբերում միայն նրան, որ նիկոլը ԼՏՊ-ի հոգեզավակն է։ Նրանք խորհրդանշում են Հայաստանի գերեզմանափորերի երկու հիմնական շերտերին։ ԼՏՊ-ն՝ ծմակուտային մտավորականությանը, իսկ Նիկոլը՝ հպարտ քաղաքացիներին։
ԼՏՊ-ն, որպես ինտելեկտուալ «գիգանտ», անկարողությամբ ու միաժամանակ դիտավորությամբ ոչ միայն կարողացավ փոշիացնել Հայաստանի նյութական ժառանգությունը, այլև փոշիացրեց ինտելեկտուալ, հոգևոր ու ոգեղեն ժառանգականությունը։ Այո՛ ԼՏՊ-ն չեզոքացրեց մի ամբողջ սերունդ, որն իր վրա էր վերցրել ղարաբաղյան շարժման ծանրությունը՝ վախենալով, որ առաջնագծերից վերադառնալով այդ սերունդը կվիճարկեր քաղաքական առաջնորդությունը և հայ իրականությունը կկառուցվեր ոգեղենության վրա։ Իսկ այդ պարագայում չէր կարող փայլեր ԼՏՊ-ի աստղը։
Եվ այսպես, իրեն որպես գաղափարական հակառակորդ ընտրեց պահանջատիրությունն ու ըստ այդմ, ձևավորեց ինտելեկտուալ դիսկուրսի կեղծ օրակարգ։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հակառակ կողմը նույնպես արագ տեղավորվեց իր կոմֆորտի զոնայում և սկսվեց գաղափարական կատաղի, բայց կեղծ պայքար։ Նմանություն չե՞ք տեսնում այսօրվա կեղծ՝ հնի ու նորի օրակարգի միջև։ Եվ ահա այս կեղծ օրակարգում անլսելի դարձան ազգային ու պետական իրական օրակարգերը։ Դաշտը ամբողջությամբ փակվեց․ միայն պահանջատիրությունն ասոցացվեց իբր ազգայինի հետ, իսկ հակառակ կողմը՝ իբր խորաթափանց դիվանագիտության հետ։ Այս իրական բաժանումը կեղծ հիմքով տարավ հաջորդ աղետին՝ ոչմիթիզականության արժեզրկմանը։ Ինչու՞, որովհետև ոչմիթիզականությունը դարձավ ձևավորված կեղծ ազգայինների բառապաշարը։ Բայց ոչ ավելին, քանի որ բղավոցներին զուգահեռ Արցախը օտարում էին մեզանից (իբր անկախացնում էին), թաքուն բանակցություններ էին վարում։ Բանակի վիճակի ու չբնակեցման մասին չխոսենք։ Եվ այսպես, ԼՏՊ-ն կարողացավ ստանալ կեղծ հիմքի վրա կառուցված իրականություն, որտեղ պարտադրվեց «ինտելեկտուալ դիսկուրսի» կեղծ, բայց միակ օրակարգը՝ իբր ազգայինի և իբր պրագմատիզմի հակադրման շերտերով։ Իհարկե, այս ամենը երկու կողմից սպասարկվում էր համապատասխան «մտավորականների» կողմից։ Հետևաբար, ԼՏՊ-ի մեղադրանքն, այսպես կոչված, ազգային վերնախավի նկատմամբ արդարացի է, բայց՝ ոչ ազնիվ։ Որովհետև ճարտարապետը ինքն է։ Ինքն է ճարտարապետը և միաժամանակ խորհրդանիշը ծմակուտային մտավորական շերտի։

Սակայն, ազգային ու պետական վերնախավում քաոս ստեղծելը բավական չէր կոտրելու ազգի ինքնապաշտպանական բնազդը, քաոս պետք է ստեղծվեր ամենուր, որի իրականացման միակ զենքն, այսպես կոչված, «հպարտ քաղաքացիների» ինստիտուտն էր՝ իր առաջնորդով։ Ապարժեքային դիկտատուրա ստեղծելու համար համատասխան դիկտատորի հարցում ԼՏՊ-ն չէր սխալվել։ Ավելին, ենթադրում ենք, որ նույնիսկ ներքին հրճվանք է ապրում, քանի որ լևոնիզմի գաղափարները իրացնելիս, իր դերակատարման մեջ, Նիկոլը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Եվ ահա, լևոնիզմի թեզերի հաստատմանը հիմա լծված են նիկոլի ողջ ներքինիները։ Արդյո՞ք բովանդակային տարբերություն կա պատգամավորներ Վահե Ղալումյանի, Հովհաննես Աղազարյանի ու ԼՏՊ-ի շրջապատի խոսքում, կամ Շուշին թուրքական հող համարող միտինգավոր «հպարտ քաղաքացու» և նույն իր՝ ԼՏՊ-ի միջև։ Բովանդակային ոչ մի տարբերություն, տարբերությունը միայն ձևի մեջ է։ Բովանդակային տարբերություն կա՞ նիկոլի կողմից Եռաբլուրը գրավելիս նրան ուղեկցողների, նիկոլ վարչապետ բղավողների և ՀԱԿ-ի վերջին համագումարի ժամանակ ԼՏՊ-ի դահլիճի նկատմամբ ցինիկ, արհամարական խոսքերի տակ ուրախ բացականչողների միջև։ Բովանդակային տարբերություն չկա, տարբերությունը միայն ձևի մեջ է։ Դրա համար էլ իրարից տարբերվում են միայն անվանումներով՝ հպարտ քաղաքացի և ծմակուտային մտավորական։ Այս երկու տեսակն իրար սնող, իրար հետ կենսագործող տեսակ է։ Այսպիսով, ԼՏՊ-ն որքան էլ պատմության համար փորձի թաքցնել Լևոն-Նիկոլ կապը, դա չի ստացվելու։ Եվ պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտի հոգեհայր, նիկոլիզմի ծնող։ Հետևաբար բովանդակային տարբերություն չկա լևոնիզմի և նիկոլիզմի միջև, տարբերությունը դարձյալ սոսկ ձևի մեջ է։ Վստահաբար նիկոլիզմի աղանդը և դրա հետևորդներին ի նկատի ունի դրա հոգևոր գուրուն, երբ խոսում է պահանջատիրությունը մերժող նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների և նրանց հավատամքի մասին։

• Լևոնիզմը որպես դավաճանության խորհրդանիշ։ Պատմության մեջ լևոնիզմը դավաճանության խորհրդանիշ մնալու է ոչ միայն այն պատճառով, որ ծնեց, սնեց ու կենսագործեց կապիտուլյանտին ու նրա ներքինիներին, այլև կոնկրետ քայլերի հետևանքով։ Դավաճանական բազմաբովանդակ գործունեության դրվագներին մանրամասն չենք անդրադառնա, կառանձնացնենք միայն հանգուցայինները․
Ի սկզբանե Անկախության հռչակագրի դավաճանում և հետագա սպասարկում,Արցախի անկախացման դավաճանական գործընթացի մեկնարկ և սպասարկում, 1994-ի հաշտության պայմանագրի կնքում առանց ոչ մի պահանջի,Հայաստանի հոգևոր և նյութական հարստության փոշիացման գործընթացի մեկնարկ և սպասարկում,Քաղաքական մշակույթի արժեզրկման գործընթացի մեկնարկ և սպասարկում,Հայաստանցի-ղարաբաղցի ազգաքանդման, բզկտման գործընթացի մեկնարկ և սպասարկում,Զիջողականության, պարտվողականության գործընթացի մեկնարկ և սպասարկում։
Իհարկե, ցանկություն կա բոլոր դրվագները մանրամսն նկարագրելու, որով կամբողջանա դավաճանի կերպարի ողջ խճանկարը։ Բայց, անհրաժեշտություն այս պահին չենք տեսնում։ Համոզված ենք, որ ծերուկը ապագայում նման հնարավորություններ շատ կընձեռի, քանի որ ներքին հրճվանքի պոռթկումներ ապագայում նույնպես կլինեն։

Վերջաբանի փոխարեն․

Ճիշտ է, ծերուկն անթաքույց հրճվանքով մեխում է իր իսկ կողմից սպանած հայկական պետականության դագաղի վերջին մեխերը։ Բայց մենք արևշատություն ենք մաղթում, որպեսզի այս քաոսից արագ դուրս գալուց հետո, կենդանության օրոք տեսնի իր «վաստակած» իրական տեղը պատմության մեջ, քանի որ Հայոց Ազգային պետությունն այլընտրանք չունի։ Մեր մոտ նույնպես վստահություն կա, ՏՂԵՐՔՆ ապացուցել են, ապացուցում են և ապացուցելու են։

Դիտվել է 12250անգամ
Վերջին լուրեր