19 / Հունիս / 2021 : 16-12

«Տառապանքը փորձ ունի…». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը «Տառապանքը փորձ ունի…» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:


«Անկախությունից ի վեր տեղեկատվական դաշտում թևածող կիսաճշմարտությունները, նաև երևույթների և անհատների վերաբերյալ տարածված կեղծիքները միահյուսվել են վերջին տարիների զավեշտալի, անտրամաբանական ու խելագարական խառը ստերի հետ:

Այդպիսով, դրանք քայքայել են Հայ հասարակության ենթագիտակցական հավաքական դիմադրողականությունն ու ինքնապահպանման բնազդը:

Հետևանքն այն է, որ ժողովուրդն անգիտակցաբար և ինքնուրույն խարխլել է ազգի, պետության, հետևաբար նաև` իր ֆիզիկական ու գաղափարական գոյության հիմքերը:

Հավաստի և ճշգրիտ տեղեկատվության ստացումը, մատուցումն ու տարածումը եղել է, կա և լինելու է ոչ միայն ցանկացած երկրի արդյունավետ կառավարման, այլև՝ ազգային և պետական անվտանգության ապահովման կարևորագույն և առաջնային գործիք։

Հաջողության հասնելու պարտադիր պայման է՝ հասարակությանը իրողությունները փաստարկված ճշգրիտ ներկայացնող տեղեկատվությամբ ապահովելը: Այդ նպատակով կարևորագույն խնդիրների շարքում պետք է ներառել հավաստի տեղեկատվության ստացման, դրանց մատուցման և տարածման գործող ողջ համակարգի վերանայումը։

Անհրաժեշտ է հիմնադրել իրական և հիմնավորված փաստերին հասարակությանը իրազեկելու և տեղեկացնելու պետական կազմակերպված համակարգ։

Պետք է կարճ ժամանակում հասնել նրան, որպեսզի սուտը, կեղծիքը, բանսարկությունը, զրպարտությունը, իրականության ու փաստերի խեղաթյուրումը, և դրանց հիման վրա հայ հասարակության լայն շերտերի մանիպուլացումը այլևս դառնա գործնականում անհնարին։

Պետք է վերջնական և անվերադարձ փակել ստի և կեղծիքի իշխանության էջն ու ստեղծվելիք համակարգով կանխել դրա վերարտադրության ցանկացած փորձ։

Այլևս մի՛ ստեք, մի՛ հավատացեք ստին, և շատ կարճ ժամանակում ամեն ինչ լավ կլինի»։

Դիտվել է 8552անգամ
Վերջին լուրեր