Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2021 : 09-58

Քվեարկությունը մեկնարկել է. բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան

Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը. Երեք ժամը մեկ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, նշված տեղեկությունները ԿԸՀ կայքում կհրապարակվեն նաեւ ըստ ընտրական տեղամասերի: Դրանք հասանելի կլինեն յուրաքանչյուր ուղիղ եթերից անմիջապես հետո կամ զուգահեռաբար:


«Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Թվով 500 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր քվեարկության ավարտից հետո:

Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու:


Ընտրություններին մասնակցող 5 քաղաքական ուժերի ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունների թվով 14 թեկնածուներ:

2008 ընտրական տեղամաս է կազմավորվել: Դրանցից 12-ը կազմավորվել են ՔԿՀ-ներում: Նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են:

Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների 16064 անդամներից չեն ներկայացել 119-ը՝ 114 տեղամասերում»,-հայտարարեց Մուկուչյանը:

«Տեղամասերում ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Տեղամասային կենտրոններին տրամադրվել է 4006 տեխնիկական սարքավորումներ: Ժամը 8-ի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները: Խափանման որեւէ դեպք չի եղել:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 58 տեղական լրատվամիջոցների թվով 745 ներկայացուցիչներ եւ 49 օտարերկրյա լրատվամիջոցների մոտ 135 ներկայացուցիչներ:

Գիտեք, որ տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, ընդհանուր առմամբ 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ հեռարձակում»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Մուկուչյանն ընդգծեց, որ Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 483 միջազգային դիտորդներ եւ 8749 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են 19 տեղական ՀԿ-ներ:
Դիտվել է 7654անգամ
Վերջին լուրեր