Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2021 : 10-31

33-ամյա կնոջն աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը․ Պարզվում են մահ պատճառելու հանգամանքները (լուսանկարներ)

Պարզվում են 33-ամյա կնոջն անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը և հրել գցել է ջրով լցված լողավազանը:


Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, և նա հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 29813անգամ
Վերջին լուրեր