27 / Հուլիս / 2021 : 14-51
ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին
Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։
Արտգործնախարարությունից նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։
Հարց. Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։
Պատասխան. 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են.
Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։
Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։
Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանը ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին, 2017 թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։
Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմը, այնուհանդերձ, երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։
Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։
Դիտվել է
13321անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...