Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2021 : 17-08

ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԱԾ-ի տարածած հարորդագրությունից։

Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ սպանությունների պատվիրատուն ապօրինի կերպով ձեռք է բերել և հանցակցի հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաև հանցակցին, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու միջոցով, պատվիրել է իրագործել 6 անձանց սպանություններ, իսկ իր մյուս հանցակցին հանձնարարել է օժանդակել նշված 6 անձանցից 2-ի սպանությունների իրականացմանը:

Մասնավորապես.

ՀՀ քաղաքացին ստանձնել է կազմակերպել ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը՝ դրա կատարումը պատվիրելով հանցակցին, և նրան տվել է 10.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ իր կողմից նախապես ապօրինի ձեռք բերված հրազենը և փամփուշտները: Հանցակիցն անվերապահորեն կատարել է նրա ցուցումներն ու Երևան քաղաքում թիրախավորված անձին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված հրազենով դիմահար կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ սպանությունն ավարտին չի հասցրել, քանի որ նկարագրված հրազենային վիրավորումը ստանալուց հետո թիրախավորված անձին հաջողվել է խույս տալ հետագա կրակոցներից:

Չբավարարվելով արդյունքով՝ սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով պատվիրատուն ցուցում է տվել հանցակցին շարունակել վերահսկել նշված անձի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել նրա սպանությունը:


Թիրախավորված մյուս անձանց տեղաշարժը վերահսկելու և սպանություններ իրագործելու նպատակով՝ պատվիրատուն հանցակցի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, նրա համար գնել ավտոմեքենա, հոգացել նրա կենցաղային ծախսերը, տրամադրել քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պարագաներ, ատրճանակներ, այդ թվում՝ ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ:

Թիրախավորված անձանց դիակները սպանությունից հետո հուղարկավորելու և այդ կերպ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով պատվիրատուն հանցակցի հետ քննարկել ու Կոտայքի և Արմավիրի մարզերում ընտրել են համապատասխան վայրեր:

Այնուհետև, պատվիրատուի կողմից տրված ցուցումների համաձայն և նրա կատարած դերաբաշխմամբ, հանցակիցները հետևել են թիրախավորված անձանց տեղաշարժին, պլանավորած հանցագործությունը նախապատրաստելու կամ կատարելու ընթացքում բացահայտվելու հնարավորությունը բացառելու նպատակով ուսումնասիրել են նշված անձանց բնակության վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի առկայությունը, շենքի մուտքին աննկատ մոտենալու ճանապարհները, որի ընթացքում պատվիրատուին պարբերաբար հաղորդել են նրանց հետ գտնված անձանց և տեղաշարժի երթուղու վերաբերյալ տվյալներ, սակայն այս պարագայում ևս սպանություններն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին հասցնել չեն կարողացել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում:

2021 թվականի հուլիսի 27-ին քրեական գործը՝ երեք անձի մասով մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, դրանց գործադրմամբ կյանքի և առողջության, ինչպես նաև կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների խափանման, կանխման և բացահայտման ուղղությամբ, շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Կարդացեք նաև՝ Ամուսինը ոչ սթափ վիճակում, տեսնելով, որ կինը ծխում է, հենց հարեւանի տանը դանակով հարվածել ու սպանել է նրան
Դիտվել է 7453անգամ
Վերջին լուրեր