Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Օգոստոս / 2021 : 13-28

Պուտինի անձնական ներգրավվածությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գրավականն է. Փաշինյան

Հայաստան շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ու ռազմավարական գործընկերությունը: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մի շարք պայմանագրերի հիման վրա շարունակվում են հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները:

«Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետերը: Հայաստանի Հանրապետության պետական մի շարք սահմանային հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսաստանի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով: Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին: Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր և, իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- ընդգծեց Փաշինյանը:


Վարչապետի համար լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում:

«Կարծում եմ, ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիներին ազատազրկման դատապարտելու փաստը նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ քայլեր են ձեռնրակվելու բարձագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ,ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

«Պետք է ընդգծեմ այն առաձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղաղացել և խաղում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- եզրափակեց Փաշինյանը:
Դիտվել է 7818անգամ
Վերջին լուրեր