Աշխարհի 12 ամենախոշոր գործող հրաբուխները. ՌԻԱ Նովոստի
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է աշխարհի 12 խոշորագույն գործող հրաբուխները:
1.Առաջինը գործակալությունը անդրադարձել է Ռուսաստանի արևելյան Կամչատկա թերակղզում գտնվող Կլյուչևսկայա Սոպկա հրաբխին:
Հրաբուխը գտնվում է ծովի մակարդակից 4754 մետր բարձրության վրա: Վերջին 100 տարվա ընթացքում այն ժայթքել է տասնյակ անգամներ: 2020թ. մարտի 2-ին հրաբուխը կրկին զարթնել է և մոխիր է տարածել 6000 մետր բարձրության վրա:
2. Էլբրուսը` Ռուսաստանի ու Եվրոպայի ամեմաբարձր լեռը նույնպես գործող հրաբուխ է: Լեռան բարձրությունը 5642 մետր է: Չնայած նրան, որ վերջին անգամ այն ժայթքել է մի քանի հազար տարի առաջ, սակայն գիտնականները այս լեռը ներառում են պոտենցիալ վտանգավորների շարքում:
3. Երկիր մոլորակի ամենաբարձր գործող հրաբուխը Օխոս Դել Սալադոն է (6893 մետր), որը գտնվում է Արգենտինայի և Չիլիի սահմանին: Այն ժայթքել է 1937, 1956, 1993թթ.: Լեռը սրբավայր է եղել Ինկերի համար: 2007թ. չիլիացի Գոնսալո Բրավոն բարձրացել է լեռը` հասնելով 6688 մետր բարձրության և գրանցելով աշխարհի ռեկորդ: Լեռան վրա է գտնվում աշխարհի ամենաբարձրադիր լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 6390 մետր բարձրության վրա:
4. Աշխարհի երկրորդ ամենաբարձր հրաբուխը Ատակամա անապատում գտնվող Անդյան լեռնաշղթայի Լյուլյայլակո գագաթն է (6739 մետր): Սա աշխարհի ամենացամաք վայրերից մեկն է: Վերջին ժայթքումը գրանցվել է 1877թ.: Լեռան գագաթին, որը կաթնասունների ամենաբարձր բնակության վայրն է աշխարհում, կարելի է հանդիպել գերմանամկների: Լեռը նաև հնագիտական հուշարձան է: 1999թ. ուսումնասիրողները այստեղ կմախքացած երեք մարմիններ են գտել` մեկ տղայի և երկու աղջկա: Ենթադրաբար, շուրջ 500 տարի առաջ, տեղի ցեղերը նրանց զոհաբերել են աստվածներին:
5. Սան Պեդրա հրաբուխը տեղակայված է Չիլիում, Բոլիվիայի հետ սահմանին: Բարձրությունը կազմում է 6145 մետր: 20-րդ դարում այն ժայթքել է 7 անգամ, վերջին անգամ` 1960թ.:
6 . Կոտոպախին Էկվադորի ամենախոշոր գործող հրաբուխն է` 5911 մետր բարձրությամբ: Նրա գագաթը մշտապես ձնածածկ է: Տեղակայված է համանուն ազգային պարկում, երկրի մայրաքաղաք Կիտոյից 50 կմ հեռավորության վրա:
Սկսած 1738թ. ժայթքել է շուրջ 50 անգամ, վերջին անգամ 2015թ.:
7. Կիլիմանջարոն (5895 մետր) Աֆրիկայի խոշորագույն հրաբուխն է: Այն գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում: Անվանումը Սուախիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «փայլող լեռ»: Այժմ այնտեղ նկատվում է միայն հազերի արտահոսք, սակայն գիտնականները համարում են, որ լեռը խոշոր ժայթքման էլ է ընդունակ:
8. Պերուի հարավում գտնվող Միստի լեռան բարձրությունը 5822 մետր է: Վերջին անգամ ժայթքել է 1985թ.:
9. Օրիսաբա լեռը, որը Մեքսիկայում անվանում են նաև Սիտլալտեպետլ (աստղերին ձգտող լեռ) ունի 5636 մետր բարձրություն, մշտապես ծածկված է սառույցի հաստ շերտով: Չնայած որ վերջին ժայթքումը տեղի է ունեցել 19-րդ դարում, գիտնականները այն չեն ներառում քնած հրաբուխների շարքում:
10. Եվս մեկ մեքսիկացու` Պոպոկատեպետլյաի բարձրությունը 5426 մետր է: Այս լեռը Մեքսիկական լեգենդի հերոսի պատվին է անվանակոչված, լեռան լանձերին կառուցված է 14 միջնադարյան մենաստան:
11. 5230 մետր բարձրություն ունեցող էկվադորական Սանգայը առաջացել է ավելի քան 14 000 տարի առաջ: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2016թ.:
12. Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տոլիմա հրաբխի բարձրությունը 5215 մետր է, վերջին անգամ այն ժայթքել է 1943թ.: