27 / Օգոստոս / 2021 : 13-25

Ֆեյսբուքից դուրս «բանավիճել էին» արդեն կացինով․ (տեսանյութ)

Օգոստոսի 22-ին գիտավերլուծական մի կազմակերպության ֆեյսբուքյան էջին անծանոթ օգտատերը վիրավորական արտահայտություններ էր տեղադրել, ինչից հետո կազմակերպության անդամներից մեկը պայմանավորվել էր օգոստոսի 23-ին, ժամը 18-ին, պարզաբանումների համար նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում։ Նշված ժամին օգտատերը կացինը ձեռքին իջել էր մեքենայից, խփել հանդիպման եկած կազմակերպության անդամի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ որևէ բուժհաստատությունից ահազանգ չէր ստացվել։ Տուժողը ոստիկանության Մուշի բաժին էր դիմել դեպքից երեք օր անց։ Վնասվածք պատճառողի միայն անունը գիտեր։ Քրեական հետախույզներն արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց պարզեցին, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գյումրիի Պավլովի փողոցի 38-ամյա մի բնակիչ։


Նույն օրը, ժամը 23․30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։

Տղամարդը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կացինը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ։
Դիտվել է 6233անգամ
Վերջին լուրեր