02 / Սեպտեմբեր / 2021 : 10-32
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։
Դրանով արցախահայությունը հաստատեց իր կյանքն ու ապագան տնօրինելու և ազատ ապրելու իրավունքը։ Այդ որոշումը ամրապնդվեց նույն տարվա դեկտեմբերի 10-ին կայացած համընդհանուր հանրաքվեի միջոցով։ Այդպիսով, ժողովրդի կամքի այս դրսևորումը, որը 1988-ին սկիզբ առած ղարաբաղյան շարժման արգասիքն էր և իր հիմքում ուներ ժողովրդավարացման ու ազատության հաստատման մեր ժողովրդի ձգտումը, դարձավ 20-րդ դարում ազգերի ինքնորոշման իրավունքի արտահայտման օրինակներից մեկը։
Այն կատարվել էր ԽՍՀՄ օրենսդրության և սահմանադրական իրավունքի տառին և ոգուն համապատասխան և անթերի էր ինչպես իր ձևով, այնպես էլ բովանդակությամբ։
Արցախի ժողովուրդն օգտվեց իր օրինական իրավունքից և դրա դեմ գործադրած ցանկացած բռնություն ուղղված է մարդկության, մարդկային քաղաքակրթության և մարդու բնական իրավունքի դեմ։
Այդպիսին էր Արցախի ժողովրդի դեմ անկախության հռչակումից անմիջապես հետո գործադրած բռնությունը՝ պատերազմը, որի հետևանքով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը մտավ միջազգային հարաբերությունների օրակարգ։ Ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի երեք համանախագահ երկրներն օժտվեցին հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելությամբ։ Ցավոք, հակամարտությունը լուծում չգտավ, և բռնությունը շարունակվեց՝ իր ամենազազրելի դրսևորումը ստանալով 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով, որը հետապնդում էր բռնի ուժով հակամարտությունը լուծելու նպատակ։
Այդ պատերազմը, չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպատակին։ Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։
Մենք հիշում ենք Արցախի ազատության համար մղված պայքարում ընկած մեր բոլոր նահատակներին և գլուխ ենք խոնարհում նրանց առջև։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։
Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մինսկի խմբի համանախագայության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար։
Մենք քաջ գիտակցում ենք, որ 21-րդ դարում ազգերը չեն կարող գոյատևել, լինել մրցունակ և զարգանալ՝ առանց տնտեսական և գիտական առաջընթացի համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների։ Ուստի արտաքին միջավայրի կայունությունը, տևական խաղաղությունն իրապես դառնում են ժամանակի հրամայական տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։
Սիրելի հայրենակիցներ,
Բոլորիս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։
Արցախցիներին մաղթում եմ քաջառողջություն և ոգու տոկունություն։ Հավատում եմ, որ Արցախը կարող է դառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության խորհրդանիշ։
Դիտվել է
6565անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...