24 / Սեպտեմբեր / 2021 : 14-54

Մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ. Արմեն Գրիգորյան

Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, և պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ բազմիցս հայտարարվել է՝ Թուրքիայի հետ կարգավորումները պետք է սկսել առանց նախապայմանների. «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ: Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ճեպազրույցի ժամանակ նա նաև անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցին՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ՄԻՆՍԿ-ի խումբն է:

«Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում պետք է քննարկել մի կարևոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և այդ հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակն ենք քննարկելու: Ադրբեջանի հայտարարություններն անհասկանալի են»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Դիտվել է 5269անգամ
Վերջին լուրեր