Սպանել և կացնով անդամահատել է դաստակները, որ «էն աշխարհում գողություն չանի»
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, 13 տարվա ազատազրկման է դատապարտել 73-ամյա էջմիածնեցուն՝ նույն քաղաքի 65-ամյա Խ. Սարգսյանի սպանության գործով: Վերջինս դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում աշխատող էլեկտրիկին, ապա՝ սպանությունից հետո կացնով կտրել վերջինիս դաստակները՝ նրան կասկածելով իր աչքերի վիրահատության գումարը հափշտակելու մեջ:
Փաստական հանգամանքներ
2017թ.-ի դեկտեմբերի 5-առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի տարեց մի բնակիչ՝ ծնված 1946թ., և հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարևանությամբ նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։
Օպերատիվ-քննչական խումբն անմիջապես մեկնել է մատնանշված վայրը ու հայտնաբերել 65-ամյա բնակչի դիակը՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը և կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, իսկ 2017թ. դեկտեմբերի 6-ին սպանության համար մեղադրանք է առաջադրվել 71-ամյա տղամարդուն, ով այժմ 73 տարեկան է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին։
«Սուս ու փուս բեր դիր տեղը». Սպանել է՝ վիրահատության համար նախատեսված գումարը գողանալու կասկածանքով
Էջմիածնի տարեց բնակիչը ընտանիք չունի և երբեք էլ չի ունեցել, ապրել է միայնակ: Աշխատել է Զվարթնոց թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքում, որպես պահակ, իսկ տուժողը նույն ավտոտեխսպասարկման կետում աշխատել է որպես ավտոէլեկտրիկ: 15 տարի ճանաչել են միմյանց, ինչպես դատարանում պատմել է մեղադրյալը, գտնվել են լավ հարաբերությունների մեջ, հաճախակի, գրեթե ամեն օր իրար հետ հաց են կերել...
Տղամարդն ուներ տեսողական խնդիրներ և վիրահատության համար երկու տարի խնայել և հավաքել էր 380.000 ՀՀ դրամ: Գումարը պահել է չհրկիզվող պահարանում, բայց ոչ միշտ էր այն փակում։
2017 թվականի նոյեմբերի 21-ին պարզել է, որ իր կուտակած 380,000 ՀՀ դրամ գումարը գողացվել է։ Գողության մեջ էլ կասկածել է Խորեն Սարգսյանին։
Դատարանում մեղադրյալը պատմել է, նոյեմբերի 21-ին «Լիպոն իրեն 50.000 դրամ է տվել, դա նոյեմբերի աշխատավարձն է եղել, այդ գումարից 20.000 դրամը որոշել է ավելացնել հավաքած 380.000 դրամի վրա, այդ նպատակով գնացել է իր սենյակ և բացելով սեյֆի չկողպված դուռը, տեսել է, որ այդ գումարը բացակայում է, այդ պահին անմիջապես կասկածել է Խորենին, որովհետև տղաներից բոլորն էլ իրեն ասել են, որ զգույշ մնա Խորենից, սենյակի կողքերը «Ֆռում է» ։ Ըստ նրա՝ գումարը կորելուց 7-8 օր առաջ, պատահաբար, մտնելով իր սենյակ, տեսել է, որ Խորենը ներսում է, հարցրել է` ի՞նչ է անում, նա էլ պատասխանել է, որ մկրատ է փնտրում, ասել է` դու մկրատ ունես, ինչու՞ է իր մկրատն ուզում։Նա այդ ժամանակ սեյֆն է բացած եղել, քանի որ մկրատը սեյֆի մեջ է պահել, նա ասել է, որ իր մկրատը լավ չի կտրում, իրենն է ուզում վերցնել։ Խ.Սարգսյանը ասել է, որ արդեն վերցրել է, ռեզին է կտրել բերել դրել է տեղը, որից հետո հեռացել է։ Մեղադրյալը դատարանում հայտնել է, որ այդ ժամանակ չի ստուգել՝ գումարը տեղում է, թե ոչ, որովհետեւ մտքով չի անցել, որ նա կարող է գողանալ իրենից։
Նա պնդել է, թե ոչ ոք այդ գումարի մասին տեղյակ չի եղել, ինքը ոչ ոքի չի ասել, որ գումար է հավաքում, բայց Խորենը գիտեր հաստատ, որ գումար ունի։ «Նրան նույնպես ոչինչ չի ասել, սակայն եղել է դեպք, երբ տղաներն օրինակ 20.000 դրամ են տվել, ասել են` կարո՞ղ է մանրել, ինքը տարել է սեյֆում առկա գումարով մանրել հետ է վերադարձրել, և միշտ նկատել է, որ Խորենը հետևում է իրեն»,- ցուցմունքում նշել է տարեց մեղադրյալը։
Իր կասկածանքների հիման վրա, չունենալով որեւէ ապացույց նա իր 15 տարվա գործընկերոջը մեղադրել է գողության մեջ ու պահանջել՝ «Սուս ու փուս բեր դիր տեղը»։ Վերջինս հերքել է ու պնդել, որ գողության հետ կապ չունի։ «Տղաները նույնպես տարածված խոսակցություններից տեղեկացել են պատահածի մասին, ինքը բոլորին ասել է, որ չխառնվեն, եթե մի քանի օրերի ընթացքում Խորենը գումարը չվերդարձնի, իր ձեռքերով նրա հարցերը կլուծի, ասել է, որ կոտորելու է նրան, 40 կտոր է անելու»։
Սպանություն՝ առանձնակի
Դեպքի օրը տղամարդը գնացել է ներկայումս չգործող սուրճի արտադրամասի վերջում գտնվող ցախանոց, որտեղ ունեցել է դանակ և կացին, ապա հանդիպել տուժողի հետ և ասել, որ,եթե գումարը չվերադարձնի 40 կտոր կանի: Խորենը պնդել է իր անմեղությունը, երդվել երեխաների արև, սակայն նրան չի հավատացել ու մի քանի անգամ դանակով հարվածել է նրան, ինչից հետո վերցրել է կացինը և անդամահատել դաստակները, որ՝ «էն աշխարհում գողություն չանի»: Սպանությունից հետո տղամարդը գնացել է Ոստիկանություն և ասել՝ «երկու ոտանի կռիս է սատկացրել»: Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության փուլում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել:
Սպանվածի կինը ցմահ ազատազրկում է պահանջել
Դատարանում տուժողի կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսինը մոտ է եղել Սլավիկի հետ և իր համար դա զարմանալի էր: «Մինչ այդ, Խորենը գումարի հարցի շուրջ, դիմել է փաստաբան Բոյաջյանին, որպեսզի դիմեն ոստիկանություն ։Այդ ամենը նախորդել էր դեպքի օրվան ։ Հիմա ինչ, գումարը գտնվե՞ց .. . ։ Սլավիկը տականք է , բռնկուն, ջղայն, կռվարար, շատերն են ասել այդ մասին:Ամուսինը եղել է ընտանիքին նվիրված անձնավորություն աշխատանքը բավարար է եղել հոգալու ընտանիքի ծախսերը ։ Կինը պնդել է, որ գողության կասկածանքները հիմնավոր չեն եղել։ Շփվել են միմյանց հետ, սուրճ խմել ։Նա` դա կանխամտածված է արել, պահանջում եմ ցմահ ազատազրկում... »,- ցուցմունքում ասել է տուժողի իրավահաջորդը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Խալաթյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչեց այսօր արդեն 73-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով և դատապարտել ազատազրկման՝ 13 տարի ժամկետով: Բացի այդ՝ հօգուտ տուժողի իրավահաջորդի ամբաստանյալից բռնագանձվել է 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառած նյութական վնասի հատուցում: Պաշտպանական կողմը համաձայնել է դատավճռի հետ և վերաքննիչ բողոք չի ներկայացրել: