Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հոկտեմբեր / 2021 : 14-40

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում․ Արթուր Սարգսյան

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նա կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները։

Արթուր Սարգսյանը լրագրողներին ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո Սյունիքին սպառնացող վտանգների մասին համայնքապետերի բարձրաձայնումներն են պատճառ դարձել, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսվեն։

«Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է», - ասաց Արթուր Սարգսյանը։

Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

«ՊՆ Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։

«Գորիսի, Խնձորեսկի դիրքերից և Զանգեզուր-Կուբաթլուից լրիվ հետ են եկել այսօրվա այն դիրքերը, որտեղ մերոնք հիմա կանգնած են, ինչը նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ նշված չի եղել։ Բոլորդ էլ գիտեք, որ ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնան այնտեղ։ Հիմա այդ հատվածներում ադրբեջանական ուժեր են», - ընդգծեց Արթուր Սարգսյանը։

Դիտվել է 17477անգամ
Վերջին լուրեր