03 / Նոյեմբեր / 2021 : 12-00

Անհրաժեշտ է անվտանգության գոտի․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ըստ այդմ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Ընդ որում, դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Արտահերթ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն առանց որևէ բացառության անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ պատերազմի սպառնալիքի ներքո, առանց մասնագիտական աշխատանքի վերլուծությունների»,- շեշտեց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց` սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:

«Այստեղ անհարաժեշտ էր վերլուծել և ուսումնասիրել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը: Ունենք դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը: Միջազգային հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության կանոններին և չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- եզրափակեց Թաթոյանը:
Դիտվել է 7649անգամ
Վերջին լուրեր