04 / Նոյեմբեր / 2021 : 11-56

Դանակահարություն հանդիսության ժամանակ. պատճառը հեռախոսով իրար նկարելն էր (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ նախ պարզվեց, որ տղամարդու հայտնածն իրականության հետ կապ չուներ. նրան դանակահարել էին: Այդ օրը ռեստորանում ծննդյան արարողություն էր, որի ժամանակ մասնակիցները բջջային հեռախոսով նկարել էին իրար: Հենց այդ հարցի շուրջ էլ ծագել էր վիճաբանություն, որը շարունակվել էր ռեստորանի դիմաց, որտեղ էլ տղամարդը դանակահարվել էր։


Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 28-ին 37-ամյա կասկածվողը ներկայացել է բաժին, խոստովանել ու ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 47770անգամ
Վերջին լուրեր