«Արմենիա» ԲԿ-ի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը կեղծ է․ Ոստիկանությունը հերքում է
ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։
Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորաթուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։
Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։
ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում: