08 / Նոյեմբեր / 2021 : 14-35

Հաղթանակ թաղամասում երիտասարդը սպանել է ապագա փեսային (տեսանյութ)

երի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել,որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։


Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։ Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 37131անգամ
Վերջին լուրեր