16 / Նոյեմբեր / 2021 : 15-03

Հայկական կողմը նոյեմբերի 14–ին դիրքային կորուստներ է ունեցել. Էդուարդ Աղաջանյան

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։

Նոյեմբերի 14-ին Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանական ԶՈւ–ը` տեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով` այս գործողության արդյունքում Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ունեցած ապօրինի ներկայությունը։


Մանրամասնելով, նա նշել է, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում։

Աղաջանյանը հիշեցրել է, որ սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ ու հիշեցրեց, որ մայիսի 12-ից հետո ՀՀ–ը դիմել էր ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով։ Բայց մինչ օրս դա կյանքի չի կոչվել։

ՀՀ խորհրդարանական ընկերներին նա կոչ է արել միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ՀՀ տարածքային օկուպացիան լուսաբանող հայտարարություններով։

Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, սկսվել են բանակցություններ:

Սահմանային իրավիճակի հարցով հաջորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, վարչապետի մոտ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմը ՀՀ արևելյան ուղղությամբ ներխուժել է Հայաստանի տարածք:
Դիտվել է 7796անգամ
Վերջին լուրեր