24 / Նոյեմբեր / 2021 : 10-43

Պուտինը հասավ իր նպատակին. Փաշինյանն ու Ալիևը Բրյուսել կմեկնեն Սոչիով


Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածության մասին: Ըստ Կրեմլի հաղորդագրության, եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ծրագրվում է քննարկել հետագա քայլերը՝ կայունության և ռեգիոնում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Որևէ ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսք չկա, ինչը սակայն չի բացառում որևէ նոր հայտարարության ստորագրումը:


Նոյեմբերի 26-ի հայտարարությունը փաստորեն նախորդում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որի մասին հայտարարվեց նախորդ շաբաթավերջին: Այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԽ նախագահ Շարլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: Միաժամանակ, Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության մասին հայտնի էր դեռևս սեպտեմբերից: Դրա մասին խոսվեց համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից հետո: Մոսկվայի եռակողմ հանդիպում նախաձեռնելու մտադրության մասին հայտնի դարձավ ավելի ուշ: Հայաստանի մեդիայում եղավ արտահոսք նաև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ, ինչը հերքեց պաշտոնական Երևանը:

Մոսկվան ավելի ուշ հայտարարեց, որ փորձում է կազմակերպել հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով: Միաժամանակ նշվում էր, որ չկա եռակողմ հանդիպման վերաբերյալ կոնսենսուս: Այդ հայտարարությունների ֆոնին էլ հայտնի դարձավ Բրյուսելում հանդիպելու պայմանավորվածության մասին: Եվ ահա, հայտարարվում է նաև Սոչիի հանդիպման պայմանավորվածության մասին, թեև նախօրեին հայկական մամուլում այդ կապակցությամբ ի հայտ եկած արտահոսքի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, թե քննարկվում են տարբեր ձևաչափեր, բայց դեռ չկա պայմանավորվածություն: Փաստորեն հաջողվել է գալ կոնսենսուսի և հարց է, թե կողմերից հատկապես որ մեկն էր դիմադրում և ինչ հարցում: Միաժամանակ հարց է նաև, թե Սոչիի հանդիպումից հետո ինչ են քննարկելու Բրյուսելում, և արդյո՞ք այդ երկու հանդիպումները միմյանց հակադիր են: Թեև, քաղաքական ողջախոհությունը թույլ է տալիս մտածել, որ հազիվ թե այդ հանդիպումների կազմակերպիչները կամ նախաձեռնողները գնան այդպիսի հակադրության, լավ պատկերացնելով, որ առնվազն միմյանց որևէ էական քայլի խանգարելու ներուժ իրենք ունեն, հետևաբար հակադիր պրոցեսները թերևս դատապարտված են: Այլ հարց է, որ կամ համադրված աշխատանքի որոշակի ընդհանուր համաձայնություն Մինսկի խմբի համանախագահ եռյակի մոտ, ինչի մասին վկայում են համանախագահների վերջին հայտարարությունները, թե եռակողմ, թե առանձին երեք երկրների դիվանագետների մակարդակով: Ըստ այդմ, հնարավոր է խոսք կարող է լինել համանախագահների ենթակայությամբ ընդհանուր գործընթացի մասին, որին զուգահեռ գործընթաց կամ ենթագործընթաց է ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 22318անգամ
Վերջին լուրեր