Հրապարակումը լրատվականներին չտրամադրելու համար քաղաքացին ամուսիններից 240 000 դրամ էր շորթել․ Օպերատիվ նկարահանում
Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի և նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։
Այնուհետև հրապարակումը կատարած անձը, հրապարակումը համացանցից հեռացնելու և լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։
Էրեբունու ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Արդյունքում՝ պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։
Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։