Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Դեկտեմբեր / 2021 : 17-45

Ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն Սյունիքում (տեսանյութ)

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։

Հսկիչ-անցագրային կետերում ծառայություն են իրականացնում մարտական հանդերձավորմամբ ոստիկաններ։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից դրական եզրակացության հիման վրա ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա տարածքային բոլոր բաժիններին տրամադրվել են ծառայողական ամենագնացներ, տեղադրվել են անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող ու կահավորված հենակետեր, տարածքային բաժինները վերազինվել են տեխնիկական միջոցներով։

Բացի այդ, ոստիկանական շրջիկ ծառայություն է իրականացվում Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։
Հսկիչ-անցագրային կետեր են տեղակայված նաև Երևան-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում։ Այս կետերում տարածքային բաժինների ոստիկանների հետ ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։


Հսկիչ-անցագրային կետի ծառայողների կողմից իրականացվում է երթևեկության կարգավորում, ուղեկցումներ, ինչպես և վարորդներին նախազգուշացնում են սահմանային անցակետերի տեղակայման և այլընտրանքային ճանապարհների երթևեկության ուղղությունների վերաբերյալ։
Ճանապարհային ոստիկանների հատուկ ծառայության շնորհիվ ապահովվում է նաև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ու իրականացվում են ուղեկցումներ։

Մոտ ապագայում ոստիկանության Մեղրիի բաժինը կունենա նոր, հարմարավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած մասնաշենք, որտեղ կտեղակայվեն նաև ոստիկանական այլ ծառայություններ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքը հնարավորություն կունենա անօդաչու թռչող սարքերի միջոցով զննելու հանցագործության դեպքի վայրը։ Բացի այդ, հնարավոր կլինի տրանսպորտային միջոցները համադրելով՝ հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարի ծագման մեխանիզմը, պարզաբանել հետքերի ուղղությամբ տրանսպորտային միջոցների շարժման հետագծերը և այլն։ Սյունիքի փորձագետները կկարողանան գազային քրոմատոգրաֆով կատարել թմրանյութերի հետազոտություն և նյութերի քանակական հաշվարկ։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները այս պատվաբեր առաքելությունն իրականացնում են իրենց անմիջական պարտականություններին զուգահեռ՝ ոստիկանները կանխում և բացահայտում են հանցագործություններ, պահպանում
հասարակական կարգն ու անվտանգությունը, ապահովում անվտանգ երթևեկություն և այլն։

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և ոստիկանության գերնպատակն է ապահովել բնակչության անվտանգությունը, կանխել անցանկալի միջադեպերի հնարավորությունը, իրենց ներկայությամբ ու ծառայությամբ հավաստել, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ սահմանային գոտիներում հանրության կենսագործունեությունն ու քաղաքացու ապահովությունը ոստիկանության ամենօրյա աչալուրջ պաշտպանության տակ է։

Դիտվել է 21201անգամ
Վերջին լուրեր