26 / Դեկտեմբեր / 2021 : 17-01

Հունվարի 1-ից ֆեյքերին հղում անելու դեպքում լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ըստ առաջարկվող նախագծի` լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։

- ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը,

- լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից,

- սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),

- վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),

- նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

Չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը կօգնի ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։
Դիտվել է 8343անգամ
Վերջին լուրեր