Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2020 : 13-08

Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կալանավորվել է 13 անձ

 
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կալանավորվել է 13 անձ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է 13 անձ:

 

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը։

 

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք էր առաջադրվել 15 անձի, որոնցից 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 34-104-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել դատարան, որոնցից 13-ը բավարարվել է:

Քրեական գործով ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Եվս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 13729անգամ
Վերջին լուրեր