12 / Հունվար / 2022 : 10-00

Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում. մատուցողուհին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է

Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 66489անգամ
Վերջին լուրեր