12 / Հունվար / 2022 : 15-13

Մայրաքաղաքում 5 ավտոմեքենա էր առևանգել ու բռնվել․ Տեսանյութ

Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բ-2 թաղամասից «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա են փախցրել։ Օպերատիվ խումբը մեկնել էր նշված հասցե, արձանագրել՝ երբ, որտեղից է կատարվել գողությունը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ որոնողական աշխատանքներ էին իրականացնում, երբ հունվարի 6-ին բաժնում նոր ահազանգ ստացվեց. առևանգել էին Միքայելյան փողոցի բակերից մեկում կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենա։ Ավելին՝ որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ տրանսպորտային միջոցը քարշակելով փախցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայով, որը դեկտեմբերի 9-ին արդեն գողացել էին Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցից։

Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։


Արդեն այս տարվա հունվարի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններից փախցրել է ընդհանուր 5 մեքենա, որոնք հայտնաբերվել են։

Հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 9411անգամ
Վերջին լուրեր