18 / Հունվար / 2022 : 19-10

Սահմանից զինծառայողներ են կորում, սրա պատասխանատուները խոսում են երկրի առաջընթացի մասին․ Աբրահամյան

Հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները զբաղված են պոպուլիզմով, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա ասաց, որ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումուտը, մեր հայրենակիցների առևանգումը, ադրբեջանական կամայականությունների ու ագրեսիայի հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետևանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից, հաստատում առ այն, որ իշխանությունը այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք ու ցանկություն չունի:


«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ ու տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի ու ապագայի մասին», - ընդգծեց նա:


Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի 32 զինծառայող գերեվարվել էր, որից 6-ն այս պահին շարունակում է մնալ գերության մեջ, իսկ այդ գերությունից հայրենադարձվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցված:

«Այդ զինծառայողների մեջ կան այնպիսինները, որոնք երկար տարիներ ծառայել են Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես թե ինչու, իշխանությունն այս մարդկանց, առանց օրինական վճռի մեջ մտած դատավճիռների, նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա: Այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, ով ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ու կալանքի տակ է, անհրաժեշտ բուժումներ ստանալու հնարավորություն այսօր չունի», - հայտարարեց Աբրահամյանը:

Նա ասաց, թե երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի ու դրանից մեկ ամիս անց Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատագրերի մասին:

«Այդ դեպքում էլ իշխանությունը մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել ՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներն ու զինծառայողները, իսկ իշխանությունը, ինչպես միշտ, դիտորդի կամ տուժողի թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ ու մոլորեցնել հանրությանը», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը նշեց նաև, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների:

Տեսանյութ
Դիտվել է 8688անգամ
Վերջին լուրեր