24 / Հունվար / 2022 : 15-53

Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան»

Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան», ով ռադիոկապով գաղտնի տեղեկանում էր Երևանում իրավապահների շարժին:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին:

Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:


Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր:

Ավտոմեքենան 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանի և Արթուր Մարկոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Դիտվել է 79194անգամ
Վերջին լուրեր