Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2022 : 12-52

Ռուսական կողմի հետ երեկվա հանդիպումը շատ գործնական է եղել. մոտ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:

Նա հիշեցրեց, որ երեկ Հայաստան է ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովը, որոնք հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Փաշինյանն ասաց, թե այս այցը շատ կարևոր առանձնահատկություն ունի. շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները:

Վարչապետի խոսքով՝ երեկվա այցը եղել է գործնական ու ամբողջությամբ նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին:

«Մենք արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել ու դրանց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ պետք է երկաթուղին կառուցենք ու այն գործի ՀՀ տարածքում Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում», -ասաց նա:

Հիմա քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի ու ֆինանսավորման հարցերը:

«Այս դինամիկայով շարունակվելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական, բայց քանի դեռ երկաթուղին չի կառուցվել ու, առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ», - ընդգծեց Փաշինյանը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ:

«Որովհետև օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է ու մենք ճիշտ ենք համարոմ այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որ նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների», - նշեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ն աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է ու այն փորձը, որին տիրապետում են, շատ կարևոր է այս նախագծի իրականացման համար:

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իր խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դաշտային աշխատանքով է զբաղվելու. նայելու են տարածքները, շինհրապարակների տեղերը:

Արտաշես Թումանյանն ասաց, որ առաջին նիստը եղել է. նախնական նկատառումներ կան, երեկվա նիստը շատ գործնական է եղել:

«Անելիքները պատկերացնում ենք, հաջողության դեպքում արդյունքներ կունենանք», - ասաց նա:
Դիտվել է 8167անգամ
Վերջին լուրեր