09 / Փետրվար / 2022 : 19-07

«Սերժ Սարգսյանն ասում էր ունենք 5000 զոհ. դրանից առաջ իր ընտանիքի անդամն ասում էր՝ 7000». Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվ հրապարակեց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատատասխանի ժամանակ հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին, թե որքա՞ն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը։

Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող անգիր հիշել։

Շարունակելով իր խոսքը՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Տրամաբանությունը կայանում է հետևյալում. 2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ շատ ու շատ լրատվամիջոցներ, որոնցում այն ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ անդադար արծարծում էին Քառօրյայի ընթացքում հարյուրից ավելի զոհերի թիվը։ Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում այդ թիվը հստակ էր։ Ցանկալի կլինի, որ նաև մեր գործընկերները, որոնք այս ընթացքում նույնպես օգտագործում են տվյալ, որը փաստական որևէ հիմք չունի և մանիպուլյատիվ է, այլևս նման կերպ չվարվեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ»։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիտարկումը ճիշտ է համարում. «Բայց ուզում եմ ասել, որ ընդամենը օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը: Դրանից առաջ էլ է եղել, իր ընտանիքի մի ուրիշ անդամ 7000 թիվ է հրապարակել եւ այդ թիվը դրվել է շրջանառության մեջ ու մինչեւ հիմա կրկնում են: Տվյալ ունեն՝ թող հրապարակեն»։

Նա հայտնեց, թե այսօրվա տվյալով 44-օրյա պատերազմի հետևանքով ունեն 3812 զոհ, այդ թվում 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 217 մարդու գտնվելու վայրը համարվում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայող է, 21-ը քաղաքացիական անձ:

Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 86787անգամ
Վերջին լուրեր