Կարեն Կարապետյանին հրավիրել են ԱԺ քննիչ հանձնաժողով

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին հրապարակավ հրավիրել է քննիչ հանձնաժողով՝ հարցերի պատասխանելու։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում գալու է Հայաստան՝ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար, ուստի կարող է այդ օրերի ընթացքում մասնակցել հանձնաժողովի նիստին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել հրավերին։ Հիշեցնենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխաններից մեկի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չի աշխատել:
«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից։