Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մարտ / 2022 : 18-38

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց. նա 5 տարի ժամկետով զրկվեց ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ, դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։


Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, և նա ստորագրությամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը), և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը՝ հինգ տարի ժամկետով: Ինչպես նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով:


Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել էր արդարացնել վերջիններիս։

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ էր ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։

Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա. Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19320անգամ
Վերջին լուրեր