29 / Մարտ / 2022 : 17-05

Քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար էր պահանջել, անչափահաս աղջիկներին պահել է սուպերմարկետի պահեստում (տեսանյութ)

Քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից 1000 դոլար էր պահանջել. Բազումի ոստիկանների բացահայտումը
Շորթում

Մարտի 4-ին ոստիկանության Բազումի բաժնում շորթման վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել. քաղաքի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ։

Տղամարդը զանգել ու կանչել էր անչափահասների մայրերին։ Նրանցից պահանջել էր 1000 դոլար՝ ոստիկանություն չհայտնելու և նրանց երեխաների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար:

Կանայք հայտնել էին, որ սոցիալական ծանր վիճակում են, ապա համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուրը մենեջերին ամսական մաս-մաս կվճարի 100 000 դրամ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ 30-ամյա մենեջերը պարբերաբար զանգում էր կանանց և փողը պահանջում։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Ոստիկանությունից։


Բազումի բաժնի ծառայողները, համագործակցեցին ոստիկանության Լոռու մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողների հետ։

Մարտի 4-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կանանցից մեկը փորձագետների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցել է սուպերմարկետի 29-ամյա տնօրենին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում սուպերմարկետի տնօրենն ու նրա հայրը բերման են ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Վանաձորի Շինարարների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև մենեջերը:
Տնօրենի անձնական խուզարկությամբ, ուլտրամանուշակագույն լույսի կիրառման արդյունքում, նրա ձեռքերի և հագուստի վրա հայտնաբերվել են քիմիական փոշու հետքեր:

Մենեջերի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչներ, գաղտնի փականով դանակ և ծխախոտի տուփ, որի մեջ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ էր։ «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է «շորթում» գրառմամբ 60 հազար դրամը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 176737անգամ
Վերջին լուրեր