Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մարտ / 2022 : 12-03

«Ադրբեջանցիները ներխուժել են ռուս խաղաղապահների աչքի առաջ ՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի․ այն այսօրվա դրությամբ շարունակվում է»․ Փաշինյան

«Պետք է տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում»։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ։ Այս պայմանավորվածությունը պետք է երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մենք ցավով ենք արձանագրում սա ու այն, որ չնայած ՌԴ ՊՆ-ի, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումների զինված ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ ակնկալում են, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թավականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար։


«Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում ու դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, կամ հնարավոր անգործությունն արժանանան պատշաճ քննության։ Եկեք չմոռանանք, որ այս իրադարձություններից առաջ ադրբեջաբական ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում։ ԼՂ մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին ու կրակում են բնակելի տների ու գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող, մարդկանց, տեխնիկայի ուղղությամբ։

Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ։

Այս գործողությունների ակնհայտ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 23786անգամ
Վերջին լուրեր