Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2022 : 11-26

Փաշինյանը՝ պատգամավորների մուտքն Արցախ արգելելու մասին

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելելու դեպքին։ ՀՀ վարչապետը նշեց, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։

«Ինչու՞ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- շեշտեց վարչապետը։



ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտվել է 62478անգամ
Վերջին լուրեր