Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2022 : 16-29

Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել. Նիկոլ Փաշինյան

Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

«Այդ սկզբունքները հետեւյալն են՝

փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում,

միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ,

միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն,

սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում,


տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է:

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12313անգամ
Վերջին լուրեր