Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2022 : 09-58


Մեր հայրենիքը շատ ծանր հիվանդ է, պետությունը՝ մահամերձ․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փակե’նք թեման

Հասկանանք, վերջապես…
Մեր հայրենիքը շատ ծանր հիվանդ է, պետությունը՝ մահամերձ:
Հայրենիքի տերը (հիվանդատերը) ժողովուրդն է՝ մենք բոլորս։
Մահամերձ հիվանդի բարեկամներն ու հարազատները (հիվանդատերերը) երբեք և ոչ մի դեպքում առաջնային չեն համարում բժշկի անձի նկատմամբ իրենց վերաբերմունքը, առավել ևս՝ նրա մասին տարածված բամբասանքն ու հերյուրանքը:

Սրտացավ և ուղեղ ունեցող հիվանդատերերն ամեն ինչ մի կողմ են թողնում, և բացառապես կարևորում են մահամերձ հիվանդին նման իրավիճակից դուրս բերելու բժշկի հմտությունն ու փորձառությունը, պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը, սառնասրտությունն ու գործին նվիրվածությունը։

Վերջ, ուրիշ ոչինչ…
Ինչի հետ է կապված նման անդրադարձը։

Դեղնած լրատուների մատուցած «սննդից» տռզած ուղեղներից ինչ-որ մրթմրթոց է լսվում՝

«Թող ուրիշ (նոր, ջահել, անհայտ, և այլն) մարդիկ լինեն, իսկ փորձառուները՝ խորհուրդներ տան…»։
Լուրջ են ասու՞մ…
Իսկ ծանր հիվա՞նդը, իսկ մահամերձ պետությու՞նը։
Իսկ եթե «հիվանդը» մահանա, այնժամ ինչ են ասելու՝ «Սխալ խորհուրդներ են տվե՞լ…» :

Հասկանու՞մ են ինչի հետ գործ ունեն, թե՞ սրա-նրա պաթոսախեղդ բառակույտից ձևավորված սին համակրանքն առավել է, քան հարազատի կյանքը։
Ուզել-չուզելով հնմաշ նորերին բերեցին ու ձախողեցին` չեն խրատվե՞լ…

Պատկերացում ունե՞ն՝ ինչ է նշանակում պետության կառավարում, այն էլ այս աշխարհում և այս վիճակում, թե հենց այնպես կրկին օդ են տատանում։

Այսպիսի տհասությունների ձեռքը կրակն է ընկել մեր ժողովուրդը։
Բավակա’ն է, պետք է վերջ տալ նման մոտեցումներին։
ՀԳ․ Պետությունը փորձադաշտ չէ։
Պետությունը կորպորացիա չէ»,- գրել է Կարեն Ճշմարիտյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12211անգամ
Վերջին լուրեր