03 / Մայիս / 2022 : 18-20

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է,և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը:


«Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա, ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ուղեկցող ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես բարձրացնելու եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 6298անգամ
Վերջին լուրեր