Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2022 : 17-49

Երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը․ Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ․ Փաշինյան

Վարչապետը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը և իր ելույթում անդրադարձել կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ:
Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Ալեքսադր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊկ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է և ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը:

Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցին, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի:

Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանմքան կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:

Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին:

Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»:

Այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն անփոփող փաստաթղթեր:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 64763անգամ
Վերջին լուրեր