19 / Մայիս / 2022 : 14-00


Վճռաբեկ դատարանի դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձը կբարձրանա (տեսանյութ)

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափը կավելանա՝ նրանց տրամադրվող հավելումներն ու հավելավճարները վերանայելու միջոցով:

Կառավարության նիստում նախագիծն ընդունվեց միաձայն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:


«Որպեսզի ՍԴ դատավորների կենսաթոշակը զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների օրենքներում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իրականացում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականություն, այն իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: ՍԴ-ն էլ իր հերթին ապահովում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առավել ամբողջական ընկալում ու սահմանադրական օրինականությունը որոշում է նաև կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ այս որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն քաղաքացիների, ովքեր առնչվում են դատարանների հետ:

«Արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենսնք: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած նայում է մարդկանց աչքերին, այլ ոչ մարդկանց ձեռքերին»,-ասաց վարչապետը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 11024անգամ
Վերջին լուրեր