25 / Մայիս / 2022 : 19-55

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը եղել է գերիների վերադարձի հարցը, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրամիության, միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցները պետք է վերադարձվեն, և մեր դիրքորոշումը նաև այդ է, փորձում ենք այդ հարցում մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք», -ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ։

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն», - հայտարարեց վարչապետը։



Նա ասաց, որ մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում, որոնցից մեկը վերջերս է մոլորվել ու հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

«Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունն ու ճնշումը ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն նշեց, թե շատ են հնչում տեսակետներ, որ գերեվարված մեր հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար։

«Մեր դիրքորոշումը եղել ու մնում է այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերի հետ պետք չէ կապել, դրանք առանձին հարց են, ընդհակառակը, երբ որ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք», - ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութ
Դիտվել է 11022անգամ
Վերջին լուրեր