26 / Մայիս / 2022 : 11-19

SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. վարչապետ

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:


Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:

Մանրամասները տեսանյութում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37890անգամ
Վերջին լուրեր