Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունիս / 2022 : 15-09

Միրզոյանը վերահաստատեց՝ ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:

ԱԳ նախարարը վստահեցրեց, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:


Նա հիշեցրեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այն հայկական կողմից համանախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 պաշտոնական հանդիպում: Ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր:

«Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են: Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»,-շեշտեց Միրզոյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14473անգամ
Վերջին լուրեր