14 / Հունիս / 2022 : 14-58

Քաղաքացիների կողմից ճնշման տակ ենք, որ փողոցները պետք է բացել, երթևեկությունը կարգավորել. Խաչատրյանը՝ ընդդիմադիրների մասին


ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնում է, որ քաղաքացիներն իշխանությանը ճնշում են՝ կարգավորել երթևեկությունը, բացել փողոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից Ֆրանսիայի հրապարակը փակելուն և անցկացվող բողոքի ակցիաներին:


«Իշխանությունները քաղաքացիների կողմից բավականին ուժեղ ճնշման տակ են, որ երթևեկությունը պետք է կարգավորել, և այդ անհարմարությունները չկրեն մեր քաղաքացիները: Բավականին լուրջ ճնշման տակ ենք»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ զանգերի, շփումների ընթացքում քաղաքացիների առաջին բարձրացրած հարցն է՝ կարգավորել Երևանի երթևեկությունը, բացել փողոցները:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է Ֆրանսիայի հրապարակից հանեն վրանները՝ նա ասաց, որ, իհարկե, հնարավոր է, որ նման որոշում էլ կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է: «Եթե ուզում են հավաք անել, ապա կարող են այնպիսի տեղ անել, որ երթևեկությանը և մեր համաքաղաքացիներին անհարմարություն չպատճառեն»,-ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընդդիմադիր պատգամավորների՝ նիստերից բացակայություններից՝ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորները բացակաները ստանում են, դա էլ հետևանքներ է ունենում, օրինակ՝ աշխատավարձի վրա է ազդում:



Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցությունում չի քննարկվե՞լ ընդդիմադիր բացակայող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը՝ Խաչատրյանն ասաց. «Այդ հարցն ամենօրյա ռեժիմով մեկս մյուսի հետ քննարկում ենք տարբեր ձևաչափերով՝ հնարավոր է քննարկում ենք հանձնաժողովում, մի քանի խմբում: Մենք այդ հարցի մասին չենք լռում, բոլորս էլ քննարկում ենք, ուզում ենք մեկս մյուսի կարծիքն իմանալ: Կարծիքները տարբեր են, բայց մենք շատ կցանկանանք, որ պատգամավորները վերադառնան և զբաղվեն իրենց գործառութային պարտականություններով»:

Ըստ Խաչատրյանի` այս հարցով իշխող ուժի վերջնական որոշումը ընդդիմության վարքագծով է պայմանավորված: «Մենք կտեսնենք` ինչպիսի դրսևորումներ են լինում այդ վարքագծում, ըստ այդմ որոշում կկայացնենք»,-ասաց նա:

Պատգամավորը ոստիկանության գործողությունները իրավաչափ որակեց, դեռ ավելին՝ մի քիչ էլ ավելի հանդուժող: Ինչ վերաբերում է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության կիրառած հատուկ միջոցին՝ Խաչատրյանն ասաց. « Զանգվածային անկարգությունների պայմաններում արդեն ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոց կիրառել: Այդ հատուկ միջոցն այն ամենաթեթև հատուկ միջոցներից էր, որը կարող էր այդ պահին կիրառվել»:

Նա առաջարկեց միայն այդ դրվագը չդիտարկվել, այլ նկատի ունենալ, որ արդեն գրեթե 2 ամիս է՝ ոստիկանությունն օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է պահպանում, և որևէ անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել: «Բայց, երբ ոստիկանության այդպիսի գործողությունները բերում են այն արդյունքին, որ արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, սա նշանակում է, որ ոստիկանության այն գործողությունները չեն կանխել և չեն նախականխել, շարունակվել էին, մի տեղ էլ զարգացել էին, դարձել զանգվածային անկարգություն, հետևաբար ոստիկանությունն իր տակտիկան պետք է փոխի, կոշտացնի որոշակի առումով, ինչն արել է: Թեև այդքան էլ կոշտ չի եղել, քանի որ ոստիկաններն ավելի շատ տուժեցին»,-ասաց պատգամավորը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 6768անգամ
Վերջին լուրեր