Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2022 : 17-30

Մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվն ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել. չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. Փաշինյան

Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա, սակայն Հայաստանի կառավարությունն ունի կամք, վճռականություն՝ այդ ճանապարհն անցնելու: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև, ըստ էության, ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: 2021-ի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում: Կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Ոչ մեծ, ոչ փոքր պետությունների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ: Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ համապարփակ անվտանգությունն այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված և սահմանագծված են, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված:


«Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե ներսում, թե դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար: Եվ մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու՝ չնայած այն բանին, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը, սակայն, ընդգծեց՝ մի բան հաստատ կարող է երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև Հայաստանի կործանման:

«Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող: Եվ ուրեմն հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, Հայոց պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան ՀՀ-ն և նրա պետական շահերը»,-եզրափակեց նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35872անգամ
Վերջին լուրեր