17 / Հունիս / 2022 : 13-04

Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. «Կյանքի պուրակի» նախագծի գումարը կկազմի 4,2 մլրդ դրամ


Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետն էլ, անդրադառնալով այս նախագծին, նկատեց՝ այն մասշտաբային է. «Մասշտաբային ծրագիր ենք իրականացնում. մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Նախագիծն անվանում ենք «Կյանքի պուրակ»: Մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, երեխաները պետք է խաղան, և դա պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը:


Այս ընթացքում մի քանի անգամ մեր զոհվածների հարազատների հետ հանդիպում եմ ունեցել:

Կարծում եմ, որ մենք բոլոր դեպքերում, երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծենք այս տրամաբանությունը, որպեսզի դառնա հնարավորինս բանուկ վայր, կյանքի հաղթանակը պետք է լինի մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը: Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ նախագծի ընդհանուր գումարը կկազմի 4,2 միլիարդ դրամ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25382անգամ
Վերջին լուրեր